Հարևաններից Իրանը և Թուրքիան վարակվածների թվով 1-ին 10-յակում են. ամենաքիչը Վրաստանում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

կորոնավիրուս

Հայաստանում, հարևան բոլոր երկրներում և աշխարհում առհասարակ շարունակվում է պայքարը կորոնավիրուսի դեմ: Հարևաններից ամենամեծ թվով վարակվածներն Իրանում են, որտեղ COVID-19-ի բռնկման առաջին իսկ օրից պայքարում են վարակի դեմ, և Թուրքիայում, որտեղ վարակի տարածման մասին հայտարարեցին շատ ավելի ուշ, քան տարածաշրջանի մյուս երկրներում:

Այսպես, Իրանն աշխարհի երկրների ցանկում վարակվածների թվով 7-րդն է ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից հետո: Ժամը 15:00-ի դրությամբ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 71,983 է, որից մահացել 4,134 մարդ, ապաքինվել՝ 27,039-ը:

Թուրքիայն երկրների ցանկում 9-րդն է. հաստատված դեպքերի թիվը 34,109 է, որից 725-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1,582 մարդ:

Ադրբեջանում վարավածների ընդհանուր թիվը 717 է, որից 8-ը մահացել է, ապաքինվել է 44 մարդ:

Ռուսաստանում վարակվածների թիվը վերջին օրերին կտրուկ աճել է. ժամը 15:00-ի դրությամբ երկրում կա 8,848 վարակակիր, որից 68-ը մահացել է, 580-ը՝ ապաքինվել:

Տարածաշրջանի երկրների համեմատ ամենքիչ թվով վարակվածները Վրաստանում են: Վերջին տվյաների համաձայն՝ երկրում գրանցվել է վարակման 220 դեպք, որից 3-ը՝ մահվան ելքով, իսկ 48 մարդ ապաքինվել է:

Հայաստանում, ապրիլի 8-ի տվյալների համաձայն, կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 881 է, որից ապաքինվել է 114 մարդ, փաստացի բուժում է ստանում 758 մարդ, իրականացվել է 311 թեստավորում։ Մահվան դեպքերը 9-ն են, ացասական թեստերի պատասխանները՝ 4571։ 

Նշենք, որ վերջին երեք օրերի ընթացքում Հայաստանում վարակակիրների նվազում է նկատվում: Կառավարության կողմից սահմանված արտակարգ դրությունն ավարտվում է ապրիլի 14-ին:

Ժամը 15:00-ի դրությամբ աշխարհում վարակվածների թիվը 1,446,986 է, որից մահացել է 83,090-ը, ապաքինվել՝ 308,684-ը:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ  https://www.worldometers.info/coronavirus/-ում: