Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պատասխան նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

քաղաքական

Ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 8-ին աշխատանքային նիստ է հրավիրել։ Հանձնաժողովը պատասխան նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ 

«Սերժ Սարգսյանին նիստի ձայնագրությունը տրամադրելու վերաբերյալ որոշում պետք է կայացնենք՝ ելնելով պետական գատղնիքի մասին օրենքի դրույթներից։ Ընդհանրապես հանձնաժողովի նիստը արխիվացվում  և ձայնագրվում է միշտ, ինչից հետո տպագիր արձանագրություն է կազմվում։ Նաև ԱԱԾ-ի կողմից հատուկ պայմաններ են ստեղծվել սենյակի, համակարգիչների անվտանգության համար», - նշեց պատգամավորը։ 

Անդրադառնալով նրան, որ երեկ՝ ապրիլի 7-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել սառեցնել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները՝ երկրի գերլարված մթնոլորտում ավելորդ գրգռություն չառաջացնելու համար, պատգամավորը նշեց, որ նիստը հետաձգելու վերաբերյալ քննարկումներ չեն ունեցել, բոլոր անդամներն այդ մասով միակարծիք են, այնուհետև պարզաբանեց, որ հանձնաժողովի աշխատանքները չեն կարող հետաձգվել, որովհետև սահմանափակ ժամանակ է նախատեսված.

«Ապրիլի 16-ին պատրաստ ենք նիստ ունենալ, եթե հրավիրվող կողմը ոչինչ չփոխի, ապա նիստը տեղի կունենա», - նշեց «Իմ քայլի» պատգամավորը։

Սոնա Գրիգորյան