Ձեր պատասխանից է կախված Սարգսյանի որոշումը. 3-րդ նախագահի գրասենյակը՝ Անդրանիկ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր պատասխան գրություն է ուղարկել 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին, որում ասված է.

«Հարգելի՛ պարոն Քոչարյան,

Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ուղարկված Ձեր թիվ ԱԺՀ.2/2514 գրության մեջ պարզորոշ ներկայացված չէ հանձնաժողովի դիրքորոշումը` ի պատասխան գրասենյակի հարցադրումների:

Մասնավորապես, հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում:

Եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է ՀՀ երրորդ նախագահին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նախագահին անհայտ տեղեկություններ, ապա, ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել:

Իսկ եթե խոսքը վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկությունների, որոնց ՀՀ երրորդ նախագահը տիրապետում է ի պաշտոնե, ապա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդեն իսկ առկա է դրանք չհրապարակելու պարտավորություն` անկախ հանձնաժողովի նիստում դրանք հրապարակելուց կամ չհրապարակելուց:

Ելնելով վերոհիշյալից` ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը:

Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը, ինչի մասին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր նախորդ գրությամբ տեղեկացրել էր:

Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ՀՀ օրենսդրության որոշակիորեն ո՞ր նորմերից է բխում հանձնաժողովի նիստին պաշտոնաթող նախագահի չներկայանալու դեպում հանձնաժողովին գրավոր հիմնավորումներ ներկայացնելու Ձեր խնդրանքը»: