Լոռու մարզում թանկացել է հնդկաձավարը, հացը, բրինձն ու ձեթը. ՏՄՊՊՀ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

տմպպհ

Կոտայքի մարզում, մասնավորապես դիտարկված Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան համայնքներում հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների գծով գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Պատկերն այլ է Լոռու մարզում: Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներում հնդկաձավարի գինը բարձրացել է 1 կգ-ի հաշվով 70-250 դրամի չափով, 500-650 գրամ կշռով հացի գինը՝ 10-20 դրամով (Ստեփանավանում գնային փոփոխություն տեղի չի ունեցել), միևնույն ժամանակ 1 կգ ալյուրի գինը նվազել է 20-90 դրամով, շաքարավազինը՝ 20-40 դրամով:

Դիտարկվող ժամանակահատվածում 1 կգ բրինձը Վանաձորում թանկացել է 50, Ստեփանավանում՝ 80 դրամով: Ալավերդի համայնքում 20 դրամի չափով աճել է 1 լիտր ձեթի գինը: