Խնդրում եմ, մի՛ քաղաքականացրեք կորոնավիրուսը. ԱՀԿ գլխավոր տնօրենի կոչը՝ աշխարհին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
 

ահկ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը կոչ է արել ոչ թե քաղաքականացնել կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը, այլ համատեղ պայքարել համաճարակի դեմ: Այս մասին փոխանցում է РиаНовости-ն:

«Ես ուզում եմ աշխարհին երկու բան առաջարկել։ Առաջինը՝ մենք պետք է աշխատենք ազգային մակարդակով՝ գերազանցելով կուսակցական և այլ տարաձայնություններն ու գաղափարախոսությունը։ Երբ ազգային մակարդակով կա «ճեղք» քաղաքական կուսակցությունների, կրոնական կամ այլ խմբերի միջև, վարակն է, որ նման պարագայում կարող է օգտագործել իր նպատակներն ու տարանջատել մեզ: Խնդրում եմ, մի՛ քաղաքականացրեք այս վիրուսը. սա խաղ է կրակի հետ. ձեր երկրի միասնությունը չափազանց անհրաժեշտ կլինի հաղթանակի համար»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ երկրորդ բանը, որ նա ցանկանում է առաջարկել աշխարհին, միջազգային մակարդակով միասնությունն է: Նա հիշեցրել է, որ զանազան վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ օրինակը միջազգային համագործակցությամբ ցույց են տվել Խորհրդային Միությունն ու ԱՄՆ-ն, երբ, չնայած սառը պատերազմին, արմատախիլ արեցին վարակիչ հիվանդությունը:
Նրա խոսքով՝ ներկայում բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը, պետք է սկսեն համագործակցել COVID-19-ի դեմ պայքարելու համար, քանի որ նոր կորոնավիրուսը տարածվում է ինչպես գրիպը, սակայն, ի տարբերություն գրիպի, ավելի մահացու է: