«Իմ քայլը» հիմնադրամը 100 մլն դրամ է տրամադրել բժշկական պարագաների ձեռքբերման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

․

«Իմ քայլը» հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների (դիմակներ, հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ, դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստ) ձեռքբերմանը: ՀՀ պարետատան համակարգմամբ իրականացվող հատուկ չվերթը Չինաստանից Հայաստան կժամանի այսօր երեկոյան:

«Իմ քայլը» հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնում իր մեծ բարեկամ և բարերար Քրիստին Սիմոնին այս որոշմանը լիովին սատարելու համար, ինչպես նաև՝ Հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:

Որոշումը կայացնելիս Հիմնադրամն առաջնորդվել է ինչպես համավարակի դեմ պայքարի առաջնային և ամենակարևոր օղակը հզորացնելու հրամայականով, այնպես էլ մեր երկրի առողջապահական կարողությունները երկարաժամկետ հզորացնելու կարևորությամբ:

Ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ Հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը՝ հանրային առողջության, սոցիալական բարեկեցության, կրթության, մշակույթի և բնապահպանության ոլորտներին ուղղված հեռահար ծրագրերի միջոցով հասնել կրթված, առողջ և հոգատար անհատ ու հասարակություն ունենալուն, ինչը ոչ միայն երկարատև զարգացման, այլև ճգնաժամերը նվազագույն կորուստներով ու վնասներով հաղթահարելու գրավականն է։