Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ 2 քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ 2 քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ 

Քրեական գործերը հարուցվել են գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրություններ արդյունքում, որոնք իրականացվել են Հաշվեքննիչ պալատից և Պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա։ 

Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու, իսկ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից՝ իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ, իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու փաստի առթիվ, ինչի հետեւանքով սահմանվել են վարձակալության անհիմն գներ, եւ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Այն քննվում է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում:

Երկրորդ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիքը), այն քննվում է ՔԿ-ի Երևան քաղաքի վարչությունում։ Գործը հարուցվել է Քաղավիացիայի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքի առթիվ:

Նշված գործերով կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։ Երկու քրեական գործով էլ իրականացվում են դեպքերի լիարժեք բացահայտմանն ուղղված ակտիվ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ, որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում ստուգելու նաև այլ երկրների տարածքում հայկական ավիափոխադրողների կողմից ապօրինի գործընթացներում ներգրավված լինելու հնարավոր հանգամանքները։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին՝ ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ, ինչը կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ․ 

«Այս փաստերի հետ կապված զանգեր են եղել, և քաղավիացիայի պաշտոնյաները, ենթադրելի կոռուպցիոն պատճառներով դրանք թաքցրել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից և կառավարությունից», - նշել էր Փաշինյանը:

Սոնա Գրիգորյան