Աղքատ երկրում, ինչպիսին ՀՀ-ն է, պաշտոնյաների պարգեւավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

Thumbnail

Աղքատ երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետական պաշտոնյաների հեղափոխական պարգեւավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն, ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշենք Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ընտրողներին արված այն առաջարկը (եթե սխալ եմ հիշում, ուղղեք ինձ), որ ով իր կուսակցությանը ձայն տալ, ընտրություններում հաղթելու դեպքում քաղաքի բյուջեից նրանց կտրամադրի 15 հազար դրամ, «ռեժիմի» 5000 դրամի փոխարեն։ Հիմա նույն հոգեվիճակն է, բյուջեի հաշվին, մասնավորապես պատգամավորներին, վճարում է իր հանդեպ լոյալության դիմաց եւ տղաներն աղջիկները դա ընդունում են, անգամ պայքարում են դրա համար։ Սա մտածողություն ու աշխարհայացք է։ Սակայն այստեղ խնդիր իրոք կա եւ շատ երկրներին ուրույն ձեւով են դա լուծել։

Օրինակ, Ճապոնիայում կա որոշակի մեխանիզմ։ Այն նախարարներն, որոնք իրենց ոլորտում հաջողության են հասնում, ապա աշխատանքից դուրս գալուց հետո իրենց օրոք կայացած կորպորացիաներում շատ լուրջ դիրքերի են նշանակվում՝ խորհրդի անդամներ, կամ տնօրեններ ու դառնում են մեծահարուստ մարդիկ։ Դա նրանց պարգեւավճարն է ու բոլորի համար դա ընդունելի ու հասկանալի է։

Նույն մեխանիզմը կա Գերմանիայում, որտեղ կորպորացիաներն ու պետական համակարգը սերտորեն համագործակցում են։ Մի օրինակ բերեմ։ Շրոդերը, երբ վարչապետ էր, մեծ դեր կատարեց ռուսական գազը Գերմանիա հասցնելու գործում եւ հաջորդ փուլում դարձավ Գազպրոմի գերմանական մասնաճյուղի տնօրեն։ Դրան Գերմանիայում նորմալ են վերաբերվում։ Ոլորտ է կայացրել ու ստացել է իր պարգեւավճարը՝ ոչ բյուջեի հաշվին։ Սա եւ արդար է, եւ խթան է լավ աշխատելու համար։

Կան նաեւ այլ հետաքրքիր մեխանիզմներ, որոնք կարելի է ուսումնասիրել՝ հատկապես Ճապոնիայում։ Պարգեւավճարները պետք է տալ ոչ թե որեւէ անձի հանդեպ լոյալություն ցուցաբերելու դիմաց, այլ ոլորտ կայացնել ու դրա դիմաց ողջ կյանքն ապահով ապրել։ Նման պարգեւավճարները հասարակությունը կընդունի»: