Ո՞ր ապրանքների գները կիջնեն․ ինչ են պայմանավորել Փաշինյանն ու Պուտինը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News     

գնաճ

Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում մի քանի ապրանքատեսակների գնաճ է գրանցվել, և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ ապրիլի 3-ին՝ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տված խորհուրդը, հնարավոր է, չօգնի: «Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ` ոսպինն ու հնդկաձավարինը, ապա, որպես սպառողներ, մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի են»,- ասել էր նախարարը:

Նշենք, որ վերջին շրջանում գների բարձրացումն այնքան էլ կապ չունի կորոնավիրուսի վարակի տարածման, փակ սահմանների ու տնտեսական դժվարությունների հետ։ Դրանք նախատեսված էին շատ վաղուց՝ ԵԱՏՄ պայմանների թելադրմամբ։ Մասնավորապես, 2020թ. հունվարի 1-ից շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրացել են, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Եվ թերևս ստեղծված իրավիճակն էր պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացատրեց իրավիճակը։ Եվ արդեն դրանից հետո պարզ դարձավ, որ ԵԱՏՄ շրջանակներում բանակցությունների միջոցով հնարավոր է եղել հասնել նրան, որ 600 ապրանքների մաքսատուրքերը, որոնք բարձրացել էին այս տարվա հունվարի 1-ից, վերադառնան նախկին մակարդակին՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Համապատասխան որոշումը երեկ կառավարության նիստում ընդունվելուց հետո ուղարկվեց խորհրդարանին՝ արագ վավերացնելու համար, և այն կսկսի գործել հենց պաշտոնական հրապարակման օրվանից։ Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործողությունները որոշակիորեն կմեղմեն գնաճը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացումը հանգեցրել էր գնաճի հետևյալ ապրանքների շուկայում՝ մսամթերք՝ 15-25 տոկոսով, ձեթ, կարագ` 15, դեղորայք` մինչև 6.5 տոկոս, կաթնամթերք՝ 15 տոկոս, ցորեն , գարի, եգիպտացորեն՝ 5 տոկոս, լոբի, բրինձ՝ 6 տոկոս, և այլն։ Եվ այս որոշման արդյունքում ստացվում է՝ հակառակ երևույթը պետք է տեղի ունենա, և այս ապրանքախմբերի գինը վերադառնա նախկինին, որն առկա էր մինչև հունվարի 1-ը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: