Թուրքիայից Հայաստան տեղափոխված 73 քաղաքացիները կմեկուսացվեն Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

հասարակական

ՀՀ պետության աջակցությամբ Թուրքիայից ավտոբուսներով Հայաստան տեղափոխված թվով 73 ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզի բարձրակարգ հյուրանոցներում: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանի մամլո ծառայությունը։

Նրանց մարզի ղեկավարի հանձնարարությամբ դիմավորել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Անմիջապես իրականացվել է քաղաքացիների բուժզննում, ջերմաչափում, և նրանք մեկուսացվել են հյուրանոցային սենյակներում:

Բոլոր ծախսերը հոգում է պետությունը. քաղաքացիներն ապահովված են 3-անգամյա սննդով, հիգիենիկ բոլոր անհրաժեշտ պարագաներով: Սենյակներում առկա է նաև հեռուստացույց դիտելու և ինտերնետից օգտվելու հնարավորություն:

Ըստ հաղորդագրության՝  քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով կգտնվեն Լոռու մարզպետարանի հոգածության ներքո։