Արարատի մարզում բախվել են Hyundai-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

․

Այսօր՝ ապրիլի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն հայտնի դարձած՝ «վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում բախվել են 29-ամյա Սուրեն Խ.-ի վարած Hyundai մակնիշի 05 ՏR 055 համարանիշի և 62-ամյա Խաչատուր Ս.-ի վարած Mercedes մակնիշի 35 ZZ 835 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Hyundai-ի վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և նրանց առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները: Իսկ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Վթարի հետևանքով, երբ Hyundai-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում, վարորդի ոտքի թաթային հատվածը կտրվել է և ոտքի այդ հատվածը շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխեցին հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները։