Գեներալ Մանվելի առանձնատան ՈՒԱԶ-ները, որոշակի սնունդ հանձնվել են ԵԿՄ-ին. վիճակը շատ վատ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

մանվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ օրեր առաջ կայացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Դատարանը որոշում է կայացրել իր նախաձեռնությամբ Գրիգորյանին պատկանող որոշակի գույք հանձնել ԵԿՄ-ի տնօրինմանը: Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը՝ հավելելով, որ այս դատական նիստին Մանվել Գրիգորյանը առողջական վիճակի պատճառով չի մասնակցել։ 

«Դատարանը ինչպես միշտ իր բարձունքում էր, չգիտես ինչու՝ այլ անձանց գույքը, որ ներկայացված էլ չեն մեղադրական եզրակացության մեջ, հանձնեց երրորդ անձի տնօրինման՝ օրենքի կոպիտ խախտմամբ։ Այս որոշումը միանշանակ անօրինական էր», - նշեց Գուրգեն Գրիգորյանը։
 
Պաշտպանը նշեց, որ հավանաբար այս մասով ԵԿՄ-ից է գրություն ուղարկվել դատարանին։ 

«Գույք կար, որ ժամկետանց էր, խորհրդային միության տարիների արտադրության, ո՛չ ԵԿՄ-ն, ո՛չ բանակն այդպիսի գույք չէր ունեցել։ Հիմնականում մեքենաներ են ՈՒԱԶ մակնիշի, նաև հագուստ, կաթ, պահածոներ և այլ կենցաղային իրեր։ Բացի մեքենաներից՝ փորձագիտական եզրակացությամբ ներկայացված գումարը մոտ 1 միլիոն 390 հազար դրամ է կազմում»,- նշեց Գրիգորյանը։ 

Պաշտպանը նաև ընգծեց, որ իրենց պահանջն այն է, որ դատարանը օրենքի սահմաններում որոշումներ կայացնի, և որ դատարանի այս միջանկյալ որոշումը իրենք բողոքարկելու են։ 

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, պաշտպանը տեղեկացրեց, որ Գրիգորյանի վիճակը շատ վատ է․ «Վերականգնելն արդեն անհնարին է, ներկայումս բժշկական հսկողության տակ է, թթվածնային սնուցում է ստանում, չի կարողանում տեղաշարժվել, սրտի հետ կապված խնդիրները նույնն են, իսկ բուժհաստատությունում մնալը լրիվ անօգուտ է եղել»։ 

Մանվել Գրիգորյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 26-ին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա, սեփական դիմումի համաձայն, հրաժարվել է բուժում ստանալ և դուրս է գրվել Նաիրի բժշկական հիվանդանոցից, և մինչև օրս տանն է: 

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար։