5 ամիս է՝ չեմ լողացել, կռիսներն էլ մեզ ուտում են, ինչո՞ւ եք խաբում, քաղաքապե՛տ Մարության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

«Ինչպե՞ս 5 րոպեն մեկ ձեռքերս լվանամ, պարոն Փաշինյան, երբ հիգիենայի տարրական պայմաններ չկան, ջուր ու կոյուղի չկա ու մայրս հինգ ամիս է չի լողացել»,- բարձրաձայնում է Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը: 

Քաղաքի կենտրոնում գտնվող փողոցի մի քանի տների բնակիչներն առանց առաջին անհրաժեշտության հիգիենիկ միջոցների՝ կոյուղու, ջրի, աղբահանության, ճարահատյալ են ապրում իրենց տներում: Նրանք հիմնականում տարեց մարդիկ են: Այս օրերին առավել քան մտահոգված են՝ ինչպե՞ս պահպանեն հիգիենայի կանոնները, երբ դրանց համար պայմաններ չունեն, նույն հարկի տակ նաև առնետներն են «բնակվում», իսկ իրենք ռիսկային խմբի մարդիկ են:

Այս հարցերով մեկ անգամ չէ, որ դիմել են պատկան մարմիններին, բայց որևէ իշխանություն հանձն չի առել լուծել նրանց խնդիրը:
«Մրից պրծանք, մրջուրն ընկանք,- ասում է բնակիչներից մեկն ու շարունակում,- Որևէ իշխանություն մեզ չի լսում, անընդհատ ասում են, թե հարցին լուծում կտրվի, բայց սայլը տեղից չի շարժվում: Հեղափոխությունից հետո մտածում էինք, պարոն Փաշինյանը մեր հարցին էլ լուծում կտա, բայց՝ իզուր»:

Շուրջ 15 տարի առաջ գերակա շահ ճանաչված Եկմալյան փողոցի տների տեղանքում այժմ բազմահարկ մի քանի շենք է վեր խոյանում, սակայն բնակիչները մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում։