«Անկառավարելի իրավիճակ չունենք». արտակարգ դրության ռեժիմը ՀՀ-ում երկարաձգվեց ևս 30 օրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

կորոնա ոստիկան հայաստան

Կառավարությունը ապրիլի 13-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ որոշեց ևս 30 օրով մինչև՝ մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը, երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Հայաստանի ամբողջ տարածքում՝ նպատակ ունենալով սահմանափակումների միջոցով կանխել կորոնավիրուսի տարածումը երկրում:

Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ապա ներկայացրել նաև նախատեսվող նոր սահամանափակումները: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարևոր է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելը, թեև «անկառավարելի իրավիճակ չունենք», ապա նաև նշել է, որ պարետատան գործունեության շրջանակն ընդլայնվել է, որ տնտեսական կյանքը «չմեռցնենք», բայց դա բերում է նոր ռիսկեր, կարող են վարակման դեպքերը շատանալ, եթե կանոնները պահմանվեն: 

«Եթե տնտեսական դաշտը ընդլայնում ենք, պետք է իմանանք, որ ռիսկեր ենք առաջացնում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ արտակարգ դրության ռեժիմը ուժի մեջ է մտել մարտի 16-ին և պետք է տևեր մինչև ապրիլի 14-ը, սակայն, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվը դեռ ավելանում է, և խնդիր կա արտակարգ դրության միջոցով վարակի տարածումը կանխելու, որոշում կայացվեց երկարաձգել ռեժիմը:

Ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 1039 մարդ, որից ապաքինվել է 211 մարդ, մահացել՝ 14-ը: 7631-ի դեպքում թեստը բացասական է եղել։