Հայտնի է՝ ինչ միջոցառումներ կձեռնարկվեն Արցախում արտակարգ դրության պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ծառայության ղեկավար կազմը, շրջանային բաժինների և այլ ստորաբաժանումների ղեկավարներ:

Խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստորաբաժանումների աշխատանքներին:

Կարևորելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում իրականացվող միջոցառումների պատշաճ կատարումը՝ Վլադիկ Խաչատրյանը հրահանգել է՝ շրջաններում ստեղծված արագ արձագանքման խմբերի պատասխանատուներին՝ պատրաստ լինել, օպերատիվ արձագանքել և ծավալել համապատասխան միջոցառումներ, անձնակազմերի պատասխանատուներին՝ ծառայության կազմակերպումը իրականացնել համաձայն տարվող կանխարգելիչ միջոցառումների՝ նվազագույնի հասցնելով միջանձնային շփումները:

ԱՀ հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում ախտահանման աշխատանքները մեծ ծավալով իրականացնելու նպատակով ԱԻՊԾ-ն կստանա ախտահանիչ նյութերի մեծ խմբաքանակ, իսկ շուրջօրյա հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները համապատասխան լրացուցիչ հանդերձանք: