ԵՏՀ Կոլեգիայի հեռավար նիստում քննարկվել են գազի փոխադրման ծառայությունների մասին հարցեր

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

Պապիկյան

 

Ապրիլի 14-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները:

Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձևավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության և հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։

Նախարար Պապիկյանի խոսքով՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից և ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության և հեռանկարային զարգացման նախապայմաններ։

Նիստի ընթացքում միության անդամ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների առաջարկների ուղղությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։ Գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով փոխհամաձայնեցված առաջարկները կներկայացվեն ԵՏՀ խորհրդի հաստատմանը՝ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթի նախագծում ներառելու նպատակով: