Արցախի մեր բարեպաշտ զավակները վստահություն հայտնեցին հզորացման Ձեր տեսլականին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

շնորհավորականուղերձ

Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել տիար Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղետվական համակարգից։

«Վերջին շաբաթներին ուշադրությամբ հետևել ենք Արցախ աշխարհում տեղի ունեցող ընտրապայքարին։ Համապետական այս ընտրությունները կարևոր հանգրվան էին՝ ողջ աշխարհին փաստելու արցախահայության նվիրումը ժողովրդավարության համընդհանուր արժեքներին։ Արցախի մեր բարեպաշտ զավակները վստահություն հայտնեցին պետական կառավարման ոլորտում Ձեր բազմամյա փորձառությանը և հանրապետության ապագա զարգացման ու հզորացման Ձեր տեսլականին։

Համայն հայության ձգտումն ու ցանկությունն է տեսնել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության շեն ու առաջընթաց կյանքը։ Հանուն դրա է մեր ողջ ժողովուրդը կրել նեղություններ և զրկանքներ, հեղվել արյունը բազում հայորդիների: Հրամայական է Արցախի ժողովուրդի համար իշխանությունների գլխավորությամբ պահպանել միասնականությունը և համերաշխության ոգին հանդիման առկա մարտահրավերների, իսկ քաղաքական ուժերի պայքարում գերակայեն ողջախոհությունը, օրինահարգությունը և համագործակցությունը՝ երբեք տեղիք չտալով բևեռացման և բաժանումների», - ասված է շնորհավորական նամակում:

Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ տիար Հարությունյանի նախագահության տարիներին առավել շենանա ու պայծառանա կյանքը Արցախ աշխարհում։ Նորին Սրբությունը ընդգծել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով պիտի շարունակի իր ջանքերը ու զորակցությունը բերել Արցախին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Երկնավոր Տիրոջն Իր Ամենախնամ Աջով պահել ու պահպանել արցախցիներին և հանապազ օրհնել նրանց քաջարի ոգին ու Արցախի գալիք ամեն օրը: