«Ալաշկերտ» ՖԱ-ն չի լքում Հայաստանի առաջնությունը. հերքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

Ալաշկերտ ՖԱ

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հերքում է լուրերն այն մասին, թե ակումբը կարող է լքել Հայաստանի  առաջնությունը:

«Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հերթական համարում հոդված է հրապարակվել այն մասին, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆինանսական խնդիրների պատճառով 4 ակումբներ, որոնց թվում է, իրենց տեղեկություններով, նաև «Ալաշկերտը», կարող են լքել առաջնությունը:

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում այս տեղեկությունը մեկնաբանել և հերքել է ակումբի հիմնադիր-սեփականատեր, ՀՖՖ Գործկոմի անդամ Բագրատ Նավոյանը` նշելով, որ «Ալաշկերտի» նպատակները մնում են անփոփոխ:

«Կարծում եմ, որ այսօր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով որոշակի ֆինանսական խնդիրներ ունեն գրեթե բոլորը` անհատներից մինչև հզոր պետություններ:

Սակայն, դա ամենևին չի կարող պատճառ հանդիսանալ` նմանատիպ չշտված տեղեկություններ հրապարակելու համար: Ցանկանում եմ հստակ ընդգծել, որ նման սցենարի մասին խոսք անգամ չկա. «Ալաշկերտը» մեծ պատասխանատվությամբ է պատրաստվելու առաջնության վերսկսմանը: Ունենք հզոր թիմ և մեր միակ նպատակն անփոփոխ է` պայքարելու ենք չեմպիոնության համար:

Կխնդրեմ բոլորին և, մասնավորապես, «Ֆուտբոլ +»-ին, այսուհետ հրապարակել մեր ակումբի հետ կապված միայն ճշտված և հավաստի տեղեկություններ` առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այսքան լուրջ թեմայի:

Առաջին վեցնյակի ակումբների ղեկավարների հետ քննարկումից հետո ես հանդիպում եմ ունեցել ՀՖՖ ղեկավարության հետ` ներկայացնելով իրավիճակը: ՀՖՖ-ն մշտական կապի մեջ է նաև ՀՀ պարետատան հետ, և, հուսով եմ, որ շուտով Պարետի թույլտվությամբ կկարողանանք վերսկսել մարզումները:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում պանդեմիան կմնա անցյալում, ֆուտբոլն էլ կվերադառնա: Այսօր մեզ առաջին հերթին հետաքրքրում է մեր ֆուտբոլիստների առողջությունը»,- նշել է Բագրատ Նավոյանը: