40,9%-ը կարծում է՝ Հայաստանը պիտի միանա ՌԴ–ին, 0,5%-ը՝ Թուրքիային․ GALLUP-ի հարցումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

Thumbnail

«GALLUP International association»-ի իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ 1106 հարցվածների 40.9 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է միավորվի Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «GALLUP International association»-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցումն արվել է սեպտեմբերի 3-11-ն ընկած ժամանակահատվածում 1106 հոգու շրջանում՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևանի բոլոր համայնքներում։ 

«Ո՞ր երկրների հետ ճիշտ կլիներ միավորվել» հարցին հարցվածների 40.9 տոկոսը պատասխանել է՝ Ռուսաստանի Դաշնության, 12․3 տոկոսը՝ ԵՄ-ի հետ, 7.7 տոկոսը` ԱՄՆ-ի:

Հարցվածների 0.5 տոկոսը կարծում է՝ պետք է միավորվել Թուրքիայի հետ՝ նկատի ունենալով Արևմտյան Հայաստանը: 30.1 տոկոսը կարծում է, որ Հայաստանին պետք չէ միավորվել որևէ երկրի հետ:

«2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը նվազել է 22.1 տոկոսով՝ 63 տոկոսից իջնելով 40.9-ի: Այն կարծիքը, թե Հայաստանին պետք չէ միանալ Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ, 2011 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի սեպտեմբեր գրեթե նույնն է մնացել»,-ասել է Նավասարդյանը:

Հարցվածները պատասխանել են ևս մեկ հարցի՝ նոր իշխանությունը դեպի ո՞ր երկիր կփոխի Հայաստանի ինտեգրման վեկտորը: 35.4 տոկոսը կարծում է, որ Հայաստանը կունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, 28.9 տոկոսը՝ որ վեկտորը կփոխվի դեպի Ռուսաստանի Դաշնություն, 14.1 տոկոսը՝ ԵՄ, իսկ 7.1 տոկոսը՝ ԱՄՆ: 12.6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: