Ապրիլի 15-ից որոնվող Բերդ քաղաքի բնակիչն անվնաս հայտնաբերվել է «Պառավի պունկտ»հանդամասում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

աին

Ապրիլի 15-ին՝ ժամը 09:00-ին, քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից 10 փրկարար ծառայող: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Մոտ 50 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են ծավալվել Բերդ համայնքի «Եղիշավան», «Պողոսի տղուտ», «Դյուզեր», «Ճիկլոպնի», «Չխուր», «Գյոռեր» և «Քրքրուտ» կոչվող հանդամասերում:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել են 23 փրկարար ծառայող, ոստիկանության Բերդի բաժնի 4 աշխատակից և համայնքի 20 բնակիչ:

Ժամը 20:00-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ քաղաքացին անվնաս հայտնաբերվել է Բերդ համայնքի «Պառավի պունկտ» կոչվող հանդամասում:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկի բնակիչը (Արամ Ծ., ծնված 1963 թ.) ապրիլի 14-ին ժամը 08:00-ի սահմաններում մեկնել է «Եղիշավան» կոչվող հանդամաս և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները, ոստիկանության Բերդի բաժնի 5 աշխատակից և համայնքի 30 բնակիչ մոտ 10 կմ երկարություն ունեցող «Եղիշասար» կոչվող հանդամասում իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով: