Վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի․ հիվանդանոցային տեղերի կեսը թափուր է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Այս պահի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 2 մլն 181 հազար 508 դեպք, մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել՝ 552 հազար 264 մարդ։ ՀՀ-ում իրավիճակը հետևյալն է՝ 1201 հաստատված դեպք, 402 առողջացած և մահվան 19 դեպք։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ուղիղ եթերում՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման վերաբերյալ ուղերձի ժամանակ:

«Մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73,8 է, բոլորն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ»,- նշել է վարչապետը:

Փաշինյանի փոխանցմամբ՝ հիվանդանոցներում կորոնավիրուսով բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ է 1700 քաղաքացի, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար։

«Չնայած տագնապալի թվերին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ մեր առողջապահական և պետական կառավարման ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտ կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել։ Սա համաճարակի կառավարման ամենակարևոր ցուցանիշներից է, որովհետև բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված և  բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում։ Առնվազն մինչև այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին»,- հավելել է նա: