Թեհրանի հայոց թեմի առաջնորդը խստորեն դատապարտում է Հայ Եկեղեցու դեմ ոտնձգությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

թեհրանիհայոցթեմ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը խստիվ դատապարտում է Հայ Եկեղեցու դեմ իրականացված ոտնձգությունը.

«ԱԼԻՔ» օրաթերթը գրում է. «Այսօր առաւօտեան հեռախօսազրոյց ունեցանք Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ, որտեղ խնդրեցինք նրան յայտնել իր տեսակէտը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի եւ այլոց կողմից Հայ Եկեղեցու դէմ ոտնձգութեան փորձ կատարելու մասին:

Պատասխանելով օրաթերթիս հարցին Սրբազան Հայրը նշեց, որ «Ազգերի կեանքում սրբութիւններ կան, որոնց մօտենալու համար մարդ պէտք է ամբողջական գիտակցութիւն ունենայ այդ սրբութիւնների հանդէպ: Մեր եկեղեցին մեզ համար Սրբութիւնների Սրբոց է եւ այդ եկեղեցու գլուխը կանգնած երկու հայրապետները՝ Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին երկրորդ եւ Նորին Սուրբ օծութիւն Արամ Ա կաթողիկոսները մեզ համար նւիրական անձնաւորութիւններ են: Հայաստանի պետական այրերը իրաւունք չունեն Ամենայն հայոց կաթողիկոսի հասցէին նման արտայայտութիւններ ունենալ, յատկապէս, նրան կոչելով իր մկրտութեան աւազանի անունով: Դա եկեղեցու վարկաբեկում է եւ ես կարծում եմ, որ մեր պետական այրերը իրենց իրաւունք չպէտք է վերապահեն նման կերպ վերաբերւելու»:

Ամենայն հայոց կաթողիկոսը, որպէս հոգեւոր հայրապետ իրաւունք ունի մտահոգւելու իր ժողովրդի զաւակներով, որտեղ էլ, որ լինեն նրանք: Մեր կարծիքով Վեհափառ Հօր խօսքը բանտարկեալնների կեան-քի ապահովութեանն առնչւող, տեղին է եւ պատշաճ»:

Յիշեցման կարգով նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը յայտարարել էր կալանաւորների, այդ թւում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցը՝ հաշւի առնելով վերջնիս առողջական վիճակը: Նա մասնաւորապէս յայտարարել էր.

«Անսալով Ռոբերտ Քոչարեանի առողջութեան մասին բժիշկների կարծիքին՝ կարեւոր ենք համարում, որ արդարադատութեան իրականացմանը զուգահեռ ձեռնարկւեն բոլոր կանխարգելիչ միջոցները, այդ թւում եւ խափանման միջոցի փոփոխումը՝ կանխելու կորոնավիրուսի պայմաններում նրա առողջական վիճակի հետագայ վատթարացումը»:

Դրան յաջորդել էր ՀՀ իշխանութիւնների, մասնաւորապէս ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորների եւ այլ գործիչների վիրաւորական եւ Ամենայն հայոց կաթողիկոսին մկրտութեան անունով յիշելու գրառումներն՝ ուղղւած Վեհափառին։

Ապա Սրբազան Հայրը տեղեկացրեց մեզ, որ հեռախօսակապ է հաստատել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ եւ շնորհաւորել նրան. «Մաղթեցի նրան, որ այս ընտրութեամբ նա կարողանայ իր երկրին ու ժողովրդին այսօրւայ աշխարհի այս թոհուբոհի մէջ խաղաղութեամբ առաջնորդի եւ տանի դէպի նորանոր նւաճումներ:

Վաղուց ծանօթ լինելով Արայիկ Յարութիւնեանին մեր թեմի բարեմաղթութիւնները փոխանցեցի նաեւ նորընտիր նախագահին»:

Միաժամանակ Սրբազան Հայրը զանգահարել է Արցախի գործող նախագահ Բակօ Սահակեանին եւ երախտագիտութիւն յայտնել նրան ասելով. «Վարձքդ կատար պարոն նախագահ եւ իմ գնահատանքը ու երախտագիտութիւնը փոխանցեցի նրան»»: