Եկեղեցի-պետութուն հարաբերություններում ճգնաժամ է հասունանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News       

Մայր Աթոռ
24News-ի զրուցակիցն է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը
 

- Հայ Առաքելական եկեղեցին նորից թիրախի կիզակետում է: Այս անգամ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարություն են անում իշխանության ներկայացուցիչները: Ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և մյուս պաշտոնյաների հայտարարությանը:

            - Այս իրադարձություններին բացասական եմ վերաբերվում: Նկատում եմ, որ եկեղեցի- պետութուն հարաբերություններում ճգնաժամ  է հասունանում, որն անցել է բարոյականության ու բարեվարքության բոլոր սահմանները: Ըստ էության՝ դրա պատճառը Վեհափառի հայտարարությունն էր, ոչ թե Քոչարյանին ազատ արձակելու, այլ, ընդհանրապես, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում, բոլոր այն մարդկանց (այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի) խափանման միջոցի մեջ փոփոխություն մտցնելը, որ ռիսկային գոտում են գտվում: Այսինքն՝ թույլ տալ այդ մարդկանց, որ այս փուլը մեկուսարանից դուրս անցկացնեն: Բոլոր եկեղեցականներն էլ առիթ ունեցել են բացատրելու, թե որն էր վեհափառի այդօրինակ հայտարարության պատճառը, ու բոլոր հայտարարություններն էլ բացառապես բարոյականության, մարդասիրության տիրույթում են: Քաղաքական խնդիր դրված չի եղել կաթողիկոսի հայտարարությունում: Իշխանավորների՝ կաթողիկոսին ուղղված պատասխանը դուրս էր էթիկայի բոլոր սահմաններից, նրանք ի ցույց են դրել իրենց տգիտությունն ու արհամարհանքը, որ ունեն Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ: Սա շատ ցավալի ու մերժելի երևույթ է:

- Իշխանության որոշ ներկայացուցիչներ կաթողիկոսին կարգալույծ անելու հարց են բարձրացնում: Դա կարո՞ղ է օրակարգային կամ իրատեսական լինել:

- Նման օրակարգ, մինաշանակ, չկա եկեղեցու առջև, ու, կարծում եմ, որ նման «պահանջ» ներկայացողների ծրագիրը դատապարտված է ձախողման: Այն որևէ հիմնավորվածություն չունի, նման անհրաժեշտություն չկա: Ես տեսնում եմ մի բան, որ իշխանության գալուց հետո Փաշինյանը չի բավարվել միայն քաղաքական իշխանությամբ ու փորձում է իր իշխանությունը տարբեր ոլորտներում տարածել՝ իրավական, օրենսդրական, Արցախում ունենալ իշխանություն, և, ինչպես տեսանում ենք, նաև հոգևոր ոլորտում է ցանկանում իշխանություն ունենալ: Այդ իսկ պատճառով՝ նման ծրագրեր է մշակում իր իսկ կողմնակիցների միջոցով ու ցանկանում ցույց տալ, թե հանրային նման պահանջ կա: Իրականում դա հանրային պահանջ չէ, դա քաղաքական պահանջ է, որ սպասարկում է կոնկրետ ուժի շահերը:

- 2018-ի քաղաքական վերդասավորումներից հետո եկեղեցին պարբերաբար «հարձակման» կիզակետում է հայտնվում: Իշխնափոխությունից անմիջապես հետո մի քանի երիտասարդներ կաթողիկոսի հրաժարականն էին պահանջում, նրա ճանապարհը փակում, վեհարանը փորձում «գրավել» և այլն: Փաստորեն, Դուք այս ամենի մեջ անմիջական կապ եք տեսնում:

- Դժվար է այդ կապը չտեսնել, որովհետև եկեղեցուն թիրախավորում է մարդկանց նույն շրջանականը՝ գլխավորությամբ իշխանության համակիրների , ինչն իրենք անում էին մինչև իշխանության գալը: Այդ թիմը պայքարել է մեր ազգային երևույթների, ինչպես օրինակ՝ ընտանեկան, հոգևոր ու մշակությաին արժեքների դեմ: Եվ, ըստ էության, եկեղեցու դեմ պայքարը շարունակել են ավելի նոր ոճով, երբ եկել են իշխանության: Բոլորն այս դեպքերն իրար հետ փոխկապակցված են միանաշանակ: Իհարկե, այս ամենի մեջ կարելի էր կապ չտեսնել, բայց երբ անընդհատ հարձակում է տեղի ունենում եկեղեցու վրա, կարծում եմ՝ այն մշակված քաղաքականության հետևանք է:

- Որպես օրինակ բերելով վեհափառի՝ ՀՀ երկրորդ նախագահի կալանքի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ կարծիքը՝ ասում են, թե եկեղեցին չպետք է քաղաքականությամբ չզբաղվի:

- Այն կոնտեքստը, որ նկատի ունեն իշխանության ներկայացուցիչները, եկեղեցին այդ կոնտեքստում, իհարկե, քաղաքականությամբ չի զբաղվում: Սակայն քաղաքականությունն ինքնին լայն հասկացություն է, այն կարող է ոլորտային լինել ու վերաբերել, օրինակ, կրթական քաղաքականությանը: Նման քաղաքականությամբ եկեղեցին չի կարող չզբաղվել, դա նրա գործառույթներից է : Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը միջամտել-չմիջամտելու հարցին, ապա նորից պետք է ասեմ, որ այս դիսկուրսն ինձ արհեստական է թվում: Տպավորություն կա, որ այս կերպ փորձ է արվում եկեղեցուն հեռու պահել մեր առօրյա կյանքից, մինչդեռ մենք պետք է հաշվի առնենք, որ ցանկացած եկեղեցական՝ վեհափառից մինչև սարկավագ ու դպիր, ՀՀ քաղաքացի են ու իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ ճիշտճշիտ այնքանով, որքանով ՀՀ ցանկացած այլ քաղաքացի: Այո, եկեղեցին, ոչ միայն որպես կառույց, այլև եկեղեցականը որպես ՀՀ քաղաքացի, ունի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք: Նույնը կարող եմ ասել պետական այրերի՝ եկեղեցու գործերի միջամտության մասով, որովետև եկեղեցին էլ միայն կառույցն ու հոգևորականները չեն, եկեղեցին, նախևառաջ, հավատավոր ժողովուրդն է: Ու եթե պաշտոնյան եկեղեցու զավակ է, մկրտված է, մասնակցում է պատարագներին, հաղորդություն է ստանում, պարտավոր է ամեն բան անել, որ ազգային եկեղեցին ավելի բարվոք ու ուժեղ լինի: Դրա համար՝ «գործերին չխառնվելու» երկխոսությունը երբեք չի կարելի բացարձականացնել: Պետք է հասկանալ՝ որտեղ է այն սահմանը, որից այն կողմ, պետք չէ անցնել: Այդ պարագայում ես կողջունեմ թե՛ հոգևորականների քաղաքական, թե՛ իշխանավորների՝ կրոնական ակտիվությունը:

Վրույր Սևակ