Մնացականյանը, Մամեդյարովն ու Մինսկի խումբը տեսակապ են ունեցել, ի՞նչ են որոշել ԼՂ հարցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

մնաց

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են պահպանել սերտ կապերը և հնարավորինս շուտ շարունակել բանակցությունները: Այդ մասին ասվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ապրիլի 21-ին տեղի ունեցած տեսակապի արդյունքում: Հայտարարությունը՝ ստորև.

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հաճախ հեռավար խորհրդակցություններ են անցկացնում մարտի կեսից, ներառյալ ապրիլի 21-ին անցկացված համատեղ տեսակապը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այս խորհրդակցություններին նույնպես մասնակցել է:

Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանում և վերջին զարգացումները տեղերում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հետագա քայլերը՝ համաձայն իրենց կողմից արված համատեղ հայտարարության, որը 2020 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է Ժնևում:

Ընդունվել է, որ COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը: Նախարարների մակարդակով անցկացվող անձնական հանդիպումները և համանախագահների այցերը տարածաշրջան, որոնք համաձայնեցվել են Ժնևում, նույնպես հետաձգվել են։ Այնուամենայնիվ, այս միջոցառումների նախապատրաստման անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:

Համանախագահները ընդգծել են հրադադարի խիստ պահպանման կարևորությունը ու ներկա պայմաններում սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալը և կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Նրանք նաև ներկա պայմաններում շարունակվող աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և ընդգծել են մոնիթորինգի շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով այն հսկայական խնդիրները, որոնց ներկայում բախվում է ողջ բնակչությունը՝ առանց հաշվի առնելու քաղաքական սահմանները, և որոնք յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքի լուրջ հիշեցում են ծառայում, արտգործնախարարներն ու համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համավարակին պատասխանելու վճռականությունը ստեղծագործական և կառուցողական խթան կհաղորդի խաղաղ գործընթացին:

Համանախագահները ուշադրություն են դարձրել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի առողջապահական ներկա ճգնաժամի ընթացքում հրադադարի գլոբալ միջոցառումների՝ մարտի 23-ի կոչին և համանախագահների՝ մարտի 19-ի հայտարարությանը:

Արտգործնախարարներն ու համանախագահները պայմանավորվել են պահպանել սերտ կապերը և հնարավորինս շուտ շարունակել բանակցություններն անձամբ»: