ՀՀ վարչապետը իր ցավակցություն է հայտնել Շուգարյանի ընտանիքի անդամներին և ընկերներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

փ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։ Փաշինյանը ցավակցական գրառումը տեղադրել է թվիթերյան իր միկրոբլոգում.

«Մեծ ցավով և խորը ափսոսանքով տեղեկացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և հայրենասիրությամբ»:

Ապրիլի 21-ին 58 տարեկանում ԱՄՆ-ում կյանքից հեռացել է Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։ Դիվանագետը ծնվել է 1962 թվականին Մոսկվայում:

1990-1991 թթ․ եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական ​​հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու:

1991-1993 թթ․ զբաղոցրել է արտաքին կապերի գծով ՀՀ նախագահի օգնական, մամլո քարտուղարի պաշտոնը:

1993-1999 թթ․ եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

1999-2005 թթ․ նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

2005-2008 թթ․ նշանակվել է Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ):

Նա դասավանդել է նաև Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և Թաֆթսի համալսարանում:

Ռուբեն Շուգարյանն արժանացել է նաև մի շարք պարգևների ու մրցանակների.

1995 թ. Ամերիկայի հայ ուսանողների ասոցիացիայի կողմից ներկայացված Արթուր Հ. Դադյանի «Ժառանգություն» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր,

1999 թ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հատուկ հրաժեշտի արարողություն հայ-ամերիկյան հարաբերություններում առանձնահատուկ նվաճումների համար,

1999 թ․ ծառայության և առաջին դեսպանատան ստեղծման գործում Հայաստանին նվիրվածության համար հատուկ հրաժեշտի հարգանքի տուրք է մատուցվել  Վաշինգտոն-Բալթիմոր հայ համայնքի կողմից: