Արցախում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երթը չի կայանա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Արցախ

Արցախում այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու: Այս մասին Արցախի պարետի համապատասխան որոշումը հրապարակվել է պարետատունը: Որոշման մեջ նշվում է.

«Արցախի Հանրապետության Նախագահի ապրիլի 12-ի՝ Արցախի ողջ տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագրով և դրա հիման վրա ընդունված Պարետի ապրիլի 13-ի որոշմամբ սահմանվել են հանրային (զանգվածային) միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ, որոնց շրջանակներում, ի թիվս այլոց, արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները: Հաշվի առնելով վերը նշված իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները, այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու:

Սույն հայտարարությամբ հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից:

Ժամանակավոր սահմանափակումները նպատակ ունեն կանխելու վարակի հնարավոր տարածումը և նվազագույնին հասցնելու մեր քաղաքացիների առողջությունը վտանգող հնարավոր ռիսկերը: Բոլորին մաղթում ենք առողջություն»: