Տարածքները մեզ համար կյանք ու մահվան խնդիր է, ՀՀ-ն ու Արցախը երբևէ չեն գնալու զիջումների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում բանակցություններ չեն ընթանում ։

Պատգամավորն ընդգծել է, որ բանակցություններ բառը կարելի է մեկնաբանել տարբեր ձևերով։ Նրա խոսքով՝ ցանկացած քայլ, որն իրականացնում է պաշտոնական ներկայացուցիչը, կարելի է մեկնաբանել որպես բանակցային գործընթաց։ 

«Երբ մենք ասում ենք՝ բանակցություններ չկան, նկատի ունենք, որ սեղանին դրված չէ որևէ փաստաթուղթ, որի տեքստի հետ կապված քննարկումներ կան։ Չկա նման փաստաթուղթ, որի տեքստային մասի շուրջ մենք աշխատանք ենք իրականացնում։ Այլ հարց է, որ նախկինում համաձայնեցված սկզբունքներից մենք չենք խուսափում խոսել»,- ասել է Ենգիբարյանը։

Նա ևս մեկ անգամ վերահաստատել է հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ մինչև ռեալ տարբերությունները չվերանան, ինչ-որ տեքստի մասին խոսելն անհնար է։

«Մենք պատրաստ ենք բանակցելու, բայց դրա համար պետք է խոսենք նույն սահմանումներով։ Զիջումներ չեն լինելու։ ՀՀ-ն ու Արցախը երբևէ զիջումների չեն գնալու։ Լինելու են փոխզիջումներ, իսկ դրան հասնելու համար մեզ պետք է խոսել նույն լեզուներով, հասկանալ սահմանումները և գնալ դեպի խաղաղություն»,- եզրափակել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։