«Սասնա Ծռերն» ուղերձ է հղել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 100-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

սասնա

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունն ուղերձ է հղել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ:  

«100 տարի առաջ՝ 1920 թ. ապրիլի 23-ին սկիզբ դրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններին։

Դրանց հաստատումը բխում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածաշրջանային և միջազգային առանցքային դերակատարության կայացման հրամայականից և դրա համատեքստում Հայաստանի Հանրապետությանը վերապահվող կարևոր առաքելության մտահղացումից։

Այդ մտահղացումն ավելի առարկայական և ամբողջական կերպով արտահայտվեց 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրով և 1920 թ. նոյեմբերի 22-ի Վիլսոնի Իրավարար վճռով, որոնք մեկնում էին ՀՀ-ն որպես կենսունակ պետություն տեսնելու աներկբա հայեցակետից։

ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը գծեց ՀՀ-ն կենսունակ պետություն դարձնող սահմանները և նախատեսեց նրա անվտանգությունը երաշխավորող տարածաշրջանային ճարտարապետությունը։

Զուգահեռաբար՝ քեմալաբոլշևիկյան հակահայ դաշինքը ղեկավարվում էր մեկ այլ՝ հայկական գործոնը ոչնչացնելու մտահղացմամբ և այն իրագործելու նպատակով արդեն 1920 թ. դեկտեմբերի 2-ին բռնազավթեց ու մասնատեց ՀՀ-ն՝ ձախողելով ԱՄՆ-ի ծրագիրը։

ԱՄՆ-ն ՀՀ բռնազավթումից և մասնատումից հետո ևս հավատարիմ մնաց իր միջազգային ու դաշնակցային հանձնառություններին և չստորագրեց 1923-ի Լոզանի պայմանագիրը, իսկ ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես դադարեցրեց միայն 1933-ին։

Այդ քայլերով ԱՄՆ-ն փաստորեն ցույց տվեց նաև ՀՀ ազատ ու արժանապատիվ ապագայի նկատմամբ իր հավատը՝ զուգահեռաբար հավատ ներշնչելով ՀՀ անկախության վերականգնման հույսով ապրող հայության սերունդներին։

1991 թ. ԽՍՀՄ լուծարումից հետո ՀՀ-ն դե յուրե վերականգնեց իր անկախությունը, սակայն մինչ օրս մնում է տարածաշրջանի քեմալաբոլշևիկյան հակահայ ճարտարապետության և ստալինյան սահմանադրության տիրույթում, ինչի վկայությունն է նաև Արցախի կեղծ անկախությունը։

ՀՀ-ն հրաժարվում է որդեգրել 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը, որը ենթադրում է նաև Սևրի պայմանագրի և Վիլսոնի Իրավարար վճռի իրավատիրություն՝ դրանից բխող իրավաքաղաքական, տարածքային-հաղորդակցային և անվտանգային ձեռքբերումներով, որոնց շնորհիվ ՀՀ-ն ոտք կդնի կենսունակ պետություն դառնալու անշրջելի ուղու վրա։

Հանգամանքների բերմամբ ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ հարաբերությունների հաստատման 100-ամյակի նախաշեմին, այս անգամ արդեն առաջնորդվելով իր տարածաշրջանային և միջազգային դերակատարության վերբեռնման հրամայականով, զուգահեռաբար հանդես եկավ դրա համատեքստում ՀՀ-ի հետ 100 տարի առաջ հաստատած հարաբերությունների մտահղացումն արդիականորեն վերբեռնելու և ըստ այդմ նրա հետ միասին համապատասխան ռազմավարություն իրականացնելու հստակ ուղերձով։

Այդ ուղերձն արտահայտվեց Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների աննախադեպ բովանդակությամբ որոշումներով։

Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունը ոչ միայն չարձագանքեց այդ ուղերձին, այլև հակառակ գործողություններով մինչ օրս վերահաստատում է իր հավատարմությունը քեմալաբոլշևիկյան զավթմամբ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությանը, ստալինյան սահմանադրությանը, մեր երկիրը կեղեքող և Արցախն օտարող ու հայոց պետականությունը կազմաքանդող կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգին։

Այդուհանդերձ, բնապատմական գործընթացներն անշրջելի են, ուստի տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, որոնց միտումներն այսօր ավելի տեսանելի են դառնում կորոնավիրուսի պանդեմիայի և նավթի դերի աննախադեպ անկման գործընթացների լույսով, վկայում են այն մասին, որ ՀՀ-ն շատ մոտ ապագայում ձեռք է բերելու իր տարածաշրջանային առաքելությունը վերստանձնելու արտաքին ու ներքին բավարար պայմաններ և նախադրյալներ՝ այդ թվում՝ ազգային իշխանություն։

Ժամանակն է, որ ՀՀ-ն, ի դեմս իր ազգային ուժերի և գործիչների, համախմբի իր ջանքերը և պատրաստվի ի կատար ածելու ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 100-ամյակի յուրօրինակ ուղերձը՝ արդիականորեն վերբեռնելով դրա մեկնարկային մտահղացումը և իրականացնելով այն կյանքի կոչելու նոր ռազմավարություն»,-նշված է ուղերձում։