Վանաձորում մի տղամարդուց պայուսակով նեթբուք գողացողը ժամեր անց բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ապրիլի 21-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Վանաձորի «Արցախ» պուրակում գողացել են մի տղամարդու պայուսակը:

Օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Պարզվեց՝ ժամը 13-ի սահմաններում Տիգրան Մեծի փողոցին հարակից «Արցախ» պուրակի հենապատի վրայից գողացել են մի տղամարդու ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է նեթբուք:

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել է Վանաձորի Վարդանանց փողոցի 51-ամյա մի բնակիչ:

Նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Գողոնը հայտնաբերվել է:

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր: