100 տարի է անցել, եկեք վերջապես ճանաչենք ցեղասպանությունը. Washington Examiner

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ամն
Washington Examiner-ի հոդվածագիր, Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ Ստեֆան Փեչդիմալջին «Հարյուր տարի է անցել. եկեք վերջապես ճանաչենք Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդված է հրապարակել՝ ԱՄՆ-ին հերթական անգամ կոչ անելով ճանաչել ցեղասպանությունը։

«Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը ոչ թե այն պատճառով, որ ծառայում է իր քաղաքական նպատակին, կուսակցությանը կամ օտարերկրյա կառավարությանը, այլ որովհետև դա է ճիշտը»,- գրում է հոդվածագիրը։

Ըստ Ստեֆան Փեչդիմալջիի՝ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը սպասում էր ամբողջ հայությունը, սակայն էյֆորիայի և ցնծության զգացումը վերածվեց թերահավատության ու կասկածի:

«Ի վերջո, Կոնգրեսն առաջին անգամ չէ, որ ճանաչել է ցեղասպանությունը։ Մենք արդեն անցել ենք այդ ճանապարհով, նման խոստովանություններ արվել են 1951 և 1984 թվականներին և Ռոնալդ Ռեյգանի կողմից»,- հիշեցնում է հոդվածագիրն ու նկատում, որ չնայած հայերի ցեղասպանությունը հաճախ անվանում են «մոռացված», բայց այն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում քաղաքական շահարկումների թիրախում։

Ըստ հոդվածագրի՝ աշխարհաքաղաքական պատճառներով ԱՄՆ-ն խուսափում է Թուրքիային մեղադրել այս վայրագությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար, սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն հաճախ էր հայտարարում, որ դա ազգային շահերից չի բխում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և մոտ է ԽՍՀՄ-ին։ 

«Հարցը վերածվել է քաղաքական ֆուտբոլի, որտեղ քաղաքական գործիչները դատարկ սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի վրա ազդելու համար։ Անգամ Իսրայելը՝ ցեղասպանություն վերապրած պետությունը, Հայոց ցեղասպանությունն օգտագործում է որպես քաղաքական մահակ: Անցյալ տարի օրենսդիրները կողմ քվեարկեցին Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը, քանի որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել էին»,- գրում է հոդվածագիրը ու զարմանում՝ ինչքան իշխանություն և ազդեցություն ունի Թուրքիան Վաշինգտոնի նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականության թելադրանքին։ 

«Կարելի՞ է արդյոք առաջնորդվել մի երկրի ցուցումներով, որն իրեն ժողովրդավար երկիր է հայտարարում, բայց իր բանտերում ավելի շատ լրագրողներ ունի, քան աշխարհում որևէ այլ երկիր»,-գրում է Ստեֆան Փեչդիմալջին։