Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է 1915-ի սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

դամասկոս.

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ: Այն մատուցել է Դամասկոսի Հայոց առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը: Այդ մասին հայտնում է Սիրիայում Հայաստանի դեսպանությունը, գրում է «Արմենպրեսը»:

Պատարագին մասնակցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Սիրիայի խորհրդարանը ընթացիկ տարվա փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգում ներառված էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը: