ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր սրտերը բաբախում են սիրո, համերաշխության, արդարության և վճռականության ռիթմով։
Մեր հայացքներն այսօր ուղղված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքին, որը խորհրդանշում է ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի սուրբ հիշատակը, հայերի և Հայության հոգևոր ու մշակութային ժառանգության, համամարդկային արժեքների հիշատակն ու համայն մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործության դատապարտումը։
Համայն Հայության մեկտեղված ջանքերի, յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրումի, վճռականության ու աշխատանքի շնորհիվ հնարավոր է առաջանցիկ տեմպերով զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, որը պաշտպանական համակարգերի և տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
Խոնարհվում եմ` ի հիշատակ անմեղ զոհերի,
Այլևս երբե՛ք,
Հիշում եմ և պահանջում»։