Իտալական «La Verita» թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

․

Իտալական «La Verita» թերթը «Հիշում ենք Օսմանյան կայսրության ձեռքով մեկուկես միլիոն հայերի սպանությունը» վերնագրով հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Իգնացիո Մանգրանոն ներկայացրել է, թե ինչպես է հայ ժողովուրդը այս տարի կազմակերպել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, հաշվի առնելով աշխարհում համաճարակային իրավիճակը։

«Սովորաբար ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր Հայաստանի և արտերկրից այցելում Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։

Այս տարի, չնայած նրան, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված անվտանգության միջոցառումներից ելնելով՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքը փակ է, այնուամենայնիվ, աշխարհի համայն հայությունը յուրօրինակ կերպով է ոգեկոչում զոհերի հիշատակը։ Առաջին հերթին դա անհատական մոմավառությունն է, որով ողջ հայությունը միանում է հիշատակի արարողությանը։ Բացի այդ, հուշահամալիրի սյուներին արտացոլվում են նրանց անունները, ովքեր համապատասխան հաղորդագրություն են ուղարկում՝ դրանով իսկ խորհրդանշական միասնական ներկայություն ապահովելով անմար կրակի շուրջ»,- իր հոդվածում նշել է Իգնացիո Մանգրանոն։

Լրագրողի խոսքով՝ Հայոց ցեղասպանության մասին վկայություններ կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում։

« Մասնավորապես այնտեղ, որտեղ հայեր են ապրում, քանի որ նրանցից շատերը համարվում են ցեղասպանությունը վերապրածների սերունդներ, ովքեր, ապաստան գտնելով աշխարհի տարբեր երկրներում, ձևավորել են հայկական համայնքներ։Այդպես ստեղծվել է մեծ հայկական սփյուռքը։ Ցեղասպանությունների հարցում հիշողությունն ու ներկա իրականությունն անխուսափելիորեն փոխկապակցված են: Դա հանցագործություն է, որի մասշտաբներն այնքան մեծ են, որի պատճառած վնասներն այնքան խորն են, որ անգամ տասնամյակներ անց նրանց ազդեցությունն իրենց վրա զգում են թե՛ ցեղասպանության ենթարկվածների ու այն իրականացնողների ժառանգները և թե՛ ողջ միջազգային հանրությունը»,- իր հոդվածում նշել է Իգնացիո Մանգրանոն։

Հոդվածագիրը ցավով արձանագրում է, որ ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար:

«Եթե ժամանակին դատապարտվեր և ճանաչվեր անցյալ դարի առաջին՝ հայերի ցեղասպանությունը, չէին լինի դրան հաջորդող մարդկության դեմ իրագործված հետագա հանցագործությունները: Այսօր էլ բոլորի աչքի առջև կատարվող էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները  բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը ազատված չէ մարդկության դեմ նոր հանցագործությունների վտանգից: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների ու քաղաքացիական հասարակության համախմբված և հետևողական քայլեր: Ահա թե ինչու է կարևոր ժամանակին և ճիշտ գնահատական տալ մարդկության դեմ գործած հանցագործություններին։ Ցեղասպանության կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի հետևողական ուշադրությունը և առավելագույն ջանքերը»,- նշում է հոդվածագիրը։

Իգնացիո Մանգրանոն ներկայացնում է նաև Իտալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պատմությունը.

«Իտալիան այն երեք տասնյակ երկրների շարքում է, որոնք դատապարտել ու ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Առաջին անգամ այդ հարցին Իտալիայի Պատգամավորների պալատն անդրադարձել է 2000 թվականին։ Իսկ անցյալ տարի ապրիլին Պատգամավորների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում, որով կոչ է անում կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ դրան միջազգային հնչեղություն։ Որոշման քննարկման օրերին Թուրքիան տարբեր մակարդակներով ակտիվ հակաքարոզչություն էր ծավալում՝ արգելափակելու դրա ընդունումը։ Չնայած մեծ ճնշմանը՝ որոշումն, այնուամենայնիվ, ընդունվեց միաձայն, ինչից հետո Անկարայում Իտալիայի դեսպանը կանչվեց Թուրքիայի ԱԳ նախարարություն՝ պարզաբանումների։ 

Որոշման ընդունմամբ Իտալիան վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և  իր ներդրումն ունեցավ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում»։