Իմքայլականներն առաջարկում են 500 000 դրամ և ավելի եկամուտ ունեցողների սոցվճարը չբարձրացնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

իմ քայլը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը և Եղիշե Սողոմոնյանն օրենքի նախագիծ են ներկայացրել, համաձայն որի՝ առաջարկում են 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանցից գանձվող սոցիալական վճարի չափը չբարձրացնել:

«Արդյունքում 500 000 դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 000 դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարները ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Մյուս կողմից այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում և լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է:

Միևնույն ժամանակ այս խավի համար ստեղծվում են անարդար պայմաններ, քանի որ մինչև 500 000 դրամ ստացողների համար պետության կողմից վճարի մասով առկա է նույնանման համամասնությունը, ինչը բացակայում է 500 000 դրամից բարձր աշխատավարձի դեպքում, երբ պետությունը վճարում է 500 000 դրամի համար սահմանված վճարի չափով»,-նշված է նախագծում:

Նկատենք, որ, գործող օրենքի համաձայն, 500000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցվճարների հաշվարկման առավելագույն շեմը 500 հազար դրամ է, որը 2020 թվականի հուլիսի 1-ից դառնում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ, այսինքն՝ 1 միլիոն 20 հազար դրամ է:

Ըստ նախագծի՝ առաջարկվում է 2020-ի հուլիսի 1-ից շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարել, և առանց հետագա ժամկետային սահմանափակման՝ առավելագույն շեմ սահմանել 500 հազար դրամը: Եթե փոփոխության առաջարկը չընդունվի, մոտ 25 000 քաղաքացի ամսական լրացուցիչ մոտ 700 մլն դրամ կվճարի:

«Արդյունքում՝ տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 միլիարդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 միլիարդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով»,-նշված է նախագծում:

Ըստ առաջարկի հեղինակների՝ փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել սպառման մակարդակի նվազումից և հարկերի նվազումից: