ԱՄԷ-ն COVID-19-դեմ պայքարի համար 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ԱՄԷ

Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել  Հայաստան՝ աջակցելու երկրին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, բժշկական օգնությունից կօգտվի ավելի քան 7 հազար բուժաշխատող։

Այս առիթով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին ասել է․ «Էմիրությունների համար պատիվ է իրականացնել իր պարտականությունը՝ օգնելու այլ երկրներին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Պարոն դեսպանը նշել է նաև․ «ԱՄԷ կառավարությունը, ժողովուրդը և բոլոր բուժաշխատողները միավորում են իրենց ջանքերը՝ հանուն այս ճգնաժամի հաղթահարման։ Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը կարող է հաղթահարել կորոնավիրուսը միայն միահամուռ ջանքերով և կառուցողական համագործակցությամբ»։

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն մինչ օրս ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել 27-ից ավելի պետության, որից օգտվել է շուրջ 314 հազար բուժաշխատող։