ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ըստ դեռևս չճշտված տեղեկությունների, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակման գործը օգտագործվելու է իշխանության կողմից նրանից վրեժխնդիր լինելու համար, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Քրեական գործը հարուցվելու է ծանր մարմնական վնասվածք (Ալեն Սիմոնյանին) հասցնելու փաստի առթիվ: Քրեական գործը քննվելու է Հատուկ քննչական ծառայության կողմից: Քանի որ այդ հոդվածը՝ 112, նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, ապա փորձելու են կալանավորել Արթուրին», - նշել է նա։
«Իմ կարծիքով, այսօրվա Հայաստանում, լրիվ հնարավոր սցենար է: Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն: Որպես դրա գրավական հրապարակել դեպքի տեսագրությունները, որոնք, ըստ իմ տվյալների, արդեն իսկ առգրավվել են ոստիկանության կողմից», - գրել է Աթանեսյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Արթուր Դանիելյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ ըննդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, որի կողմից ենթարկվել է հարձակման և ստացել մարմնական վնասվածքներ։
«Հուսանք, որ կհարուցվի քրեական գործ, կկատարվի օբյեկտիվ քննություն, գլխավոր դատախազը կպահանջի զրկել Ալեն Սիմոնյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և նա կենթարկվի քրեական պատասխանատվության», - նշել է փաստաբանը։