Մայիսի 1-ին Կոմկուսը ավանդական բողոքի երթ չի անի. կուսակցության հորդորը՝ իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

կոմկուս

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը աշխատավորների համերաշխության միջազգային օրվա` Մայիսի 1-ի նախօրեին, իր խորը մտահոգությունն է հայտնում երկրում  համաճարակի  պատճառով շարունակվող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի կապակցությամբ: Կոմկուսի հայտարարությունը՝ ստորև.

«Աջակցում ենք ողջ բուժանձնակազմին, կամավորներին և ստեղծված պայմաններում ժողովրդին օգտակար լինելու համար իրենց աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնած քաղաքացիներին և կազմակերպություններին: Այս ամենի հետ մեկտեղ մատնանշում և դատապարտում ենք առողջապահական համակարգի հսկայական թերությունները, որն արդյունքն է համակարգի սեփականաշնորհման և օպտիմալացման, խոշոր կապիտալի ու մոնոպոլ խմբերի շահերի սպասարկման։Համաճարակի հետևանքով առաջացող անխուսափելի ճգնաժամը հերթական անգամ ի ցույց է դնում կապիտալիզմի հակաժողովրդական բնույթը և սոցիալիստական համակարգի արդյունավետությունն ու գերակայությունը։

Այս իրավիճակում իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն իրենց  չեն արդարացնում, քանի որ աջակցության ծավալները անբավարար են և ոչ ամբողջական։ Առաջարկում ենք կառավարությանը անհապաղ ընդունել որոշում և մարտից սկսած երեք ամսվա կտրվածքով փոխհատուցել բոլոր բաժանորդների կոմունալ վճարները։

Փաթեթների տեսքով տրամադրվող օգնությունը պետք է առաջնահերթ հասանելի լինի սոցիալապես անապահով խավին և աշխատավոր ժողովրդին, այլ ոչ թե խոշոր կապիտալի խմբերին։ Հակառակ դեպքում ճգնաժամի ողջ բեռը կնկնի առանց այդ էլ տուժած քաղաքացիների վրա, իսկ ժողովուրդը չի կարող և չպետք է վճարի ավելին։

Չպետք է նաև տարբերակվի, համապատասխանում են փաթեթի, վարկի, պայմաններին թե ոչ, քանի որ ժողովրդի մի ստվար հատված չունի խնայողություններ և կանգնած է օրվա հացի խնդրի առաջ։ Գտնում ենք, որ համաճարակի պայմաններում ընդհանրապես անթույլատրելի ճոխություն է պարգևավճարների ստացումը։ Կոչ ենք անում այն ուղղել սոցիալապես անապահով խավերի կարիքների հոգմանը, գործազրկության նվազեցմանը ու հետագայում էլ աշխատատեղերի ստեղծմանը։

Այս ընթացքում պետք է պահպանվի նաև աշխատողների եկամուտները և իրավունքները կապիտալի կամայականություններից,որպեսզի համաճարակի պատրվակով  չփորձեն իրականացնել զանգվածային կրճատումներ և չխախտեն Աշխատանքային օրենսգիրքը։

Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը, ելնելով ամբողջ աշխարհում, ինչպես  նաև մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակից, այս Մայիսի 1-ին  չի  կազմակերպի ավանդական բողոքի երթը, բայց իշխանություններին մեկ անգամ ևս հորդորում ենք անվերապահորեն պաշտպանել աշխատավորների իրավունքները։ Սիրելի հայրենակիցներ, հուսով ենք,որ այս մահացու համավարակը կնահանջի և մեր աշխատասեր և շինարար ժողովուրդը կվերադառնա իր բնականոն կյանքին»։