Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ճանապարհներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքով անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ճանապարհի հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 652 միլիոն 202 հազար դրամ: Կասֆալտապատվի շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ, որից 12 հազար 300 քառակուսի մետրը կկազմի ճանապարհի երթևեկելի մասը, 4200 քառակուսի մետր ասֆալտապատում էլ կկատարվի մուտքերում և ուղիներում:

Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից և ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Շինարարական մրցույթը գտնվում է ավարտական փուլում, իսկ աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից»,- ասված է մարզպետի գրառման մեջ: