Քոչարյանը վիրահատության անհրաժեշտություն ունի. ներկայումս դեղորայքային բուժում է ստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News  

հասարակական

Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության անհրաժեշտություն ունի, ներկայումս հետազոտություններ է անցնում։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Դեռ չեն ավարտվել հետազոտությունները, ընթացքի մեջ են, կոնսերվատիվ բուժում է ստանում։ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը բարելավվել է, այս պահին կայուն վիճակում է գտնվում։ Բայց 65-ն անց է, սրտանոթային և այլ օրգան համակարգերի խնդիրներ ունի, որոնք բուժման կարիք ունեն», - նշեց Արմեն Չարչյանը։

Տնօրենը նշեց, որ դեղորայքային բուժման արդյունավետությունից և հետազոտություններից է կախված, թե ինչ վիրահատության պետք է ենթարկվի Ռոբերտ Քոչարյանը։ 

Արմեն Չարչյանը նաև հայտնեց, որ ներկայումս տեսակցություններ կատեգորիկ չեն թույլատրվում, Քոչարյանը հսկվում է ՔԿՀ աշխատակիցների կողմից։
 
Նշենք, որ ապրիլի 28-ին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրել էին, որ նա տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտության: Նախնական հետազոտության արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել բուժումը շարունակել հիվանդանոցային պայմաններում: 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Այս գործով դատական նիստ շաբաթներ շարունակ է, ինչ տեղի չէր ունենում՝ դատավորի բացակայության պատճառով։ Ներկայումս առաջիկա դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին:

Սոնա Գրիգորյան