Դատավոր դառնալու առթիվ Մարությանը նախկին խորհրդականին պարգևատրել է. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

հասարակական

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով: Խորհրդական Կարեն Համբարձումյանը, ի դեպ, ապրիլ ամսին արդեն 2-րդ անգամ է պարգևատրվում, ապրիլի 6-ին 560 000 դրամի չափով էր պարգևավճար ստացել: Նշենք, որ նա բոլորովին վերջերս թողել է խորհրդականի պաշտոնն ու դատավոր է նշանակվել:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այն համոզմանն է, որ այս նեղ պայմաններում այդպիսի աստղաբաշխական պարգևավճարը վկայությունն է այն բանի, որ իշխանությունը հայտնաբերել է բյուջեն մսխելու ավելի օրինական տարբերակ` անհամաչափ մեծ պարգևավճար: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ շատերը չգիտեն, որ Հայկ Մարությանի մտերիմ Կարեն Համբարձումյանը նշանակվել է դատավոր և պարգևավճարը, ըստ էության, Մարությանն իր ընկերոջն է տվել քաղաքապետարանից տեղափոխվելու առիթվ:

«Տքնաջան աշխատանք քաղաքապետարանի կողմից որևէ մեկը նկատե՞լ է: Այս 3-4 ամիսների համար իրական ձեռքբերում նկատվե՞լ է: Քաղաքապետի աշխատանքը որևէ կերպ չեմ գնահատում, որպես այդպիսին աշխատանք չկա: Իսկ պատկերացրեք, եթե իսկապես ձեռքբերումներ ունենաին ի՞նչ ծավալի պարգևատրումներ կլինեին: Բայց եթե հաշվի առնենք հանգամանքը, որ երկու տարի շարունակ Մարությանը պարգևավճարների վրա ինչպիսի միջոցներ է ծախսում (համայնքային բյուջեում նման թվեր երբեք չեն եղել), մյուս կողմից՝ հասարակության որոշ շրջանակներ ինչպես են ողջունում նրա այդ վարքագիծը, ապա զարմանալ պետք չէ»: 

Որքան էլ որ զարմանալ պետք չէ, այնուամենայնիվ, ըստ Խաժակյանի, այս պահին պարգևավճարներ տրամադրելն արդարացի չէ: «Նախ այս համավարակից տուժում են բոլորը և մարդիկ ունենում են սոցիալական լուրջ դժվարություններ, հետո չմոռանանք, որ համայնքային բյուջեն էապես կրճատվել է: Այս ֆոնին պարգևավճարների նման ավելացումը ինչպե՞ս կարող է արդարացի լինել: Երեք տարի է՝ ավագանու անդամ եմ ու երբեք չեմ տեսել, որ մեկ ամսվա մեջ պաշտոնյան 2.350.000 դրամի չափով պարգևավճար ստանա: Դա նոնսենս է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վրույր Սևակ