Որոնվում է Սարի թաղում 33-ամյա տղամարդու վրա կրակոց արձակած 39-ամյա կասկածյալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

սարիթաղիդեպքեր

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` քրեական հետախույզները պարզել են երեկ՝ մայիսի 1-ին, Սարի Թաղի 28-րդ փողոցի թիվ 1/ա հասցեի դիմաց, Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցում հաշվառված 33-ամյա Արտաշես Ֆարսյանին հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ա. Ֆարսյանին իր տան դիմաց հրազենային վնասվածք պատճառելու կասկածանքով որոնվում է Երևանի բնակիչ, 39-ամյա Սամվել Քալաշյանը:

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ս. Քալաշյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր և անհայտ մակնիշի ու տրամաչափի ատրճանակի պարկուճ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր, մայիսի 1-ին կրակոց էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմանում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել 33-ամյա Արտաշես Ֆարսյանը: