Անհայտ է՝ երբ «ուշքի կգա» զբոսաշրջային ոլորտը, բայց պետք է սևեռվել ներքին տուրիզմի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

հասարակական

Զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտներից է: Աշխարհի տարբեր երկրներ հունվարից սկսած տուրիստական հոսքերը կարգավորելու փոխարեն, մտածում են, թե ինչպես չեղարկեն կամ հետաձգեն իրենց քաղաքացիների՝ նախապես ամրագրված հանգիստը: Չեղարկվում են չվերթերը, հյուրանոցային ամրագրումները, տուր փաթեթներն ու զբոսաշրջության հետ կապված ամեն ինչ:

Հայաստանը նույնպես բացառություն չէ: Ոչ միայն արտագնա, այլ նաև ներգնա տուրիզմն այս օրերին ահռելի թվերի վնասներ է կրում: Ճիշտ է, թեև պաշտոնական տվյալ չի հրապարկվել, բայց ակնհայտ է՝ այս ոլորտի տնտեսվարողների բիզնեսի շրջանառության անկումը բավական մեծ է:

24News-ի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարությունից (այս նախարարության ենթակայության ներքո է զբոսաշրջության պետական կոմիտեն) պարզաբանեցին՝  քանի դեռ անհայտ է, թե ավիահաղորդակցությունն ինչպիսի տեմպերով ու երբ է վերաբացվելու, բարդ է կանխատեսել, թե տուրիստական հոսքերն ինչպես կկարգավորվեն: Իսկ թե, օրինակ, նախորդ տարվա համեմատ զբոսաշրջային հոսքերն ինչքանով են նվազել, դա նույնպես դեռևս անհայտ է: «Վիճակագրությունը դեռևս չենք ամփոփել»,- ասացին նախարարությունից:

«AVA Tour» տուրիստական կազմակերպության աշխատակցուհի  Սյուզաննա Եղիազարյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսի ի հայտ գալուն պես իրենց ընկերությունը չեղարկել է առաջիկա ամրագրումները: Նա հավելեց նաև, որ ամռան ամիսների համար տուրերի ամրագրումներ ունեն, որոնք դեռևս չեն չեղարկել, որոհետև կարծում են՝ հունիսից կբացվի տուրիստական սեզոնը: 

Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ տուր-փաթեթների չեղարկման ընթացքում աշխատել են անել հնարավորը, որպեսզի մարդիկ ստանան ամրագրումների համար նախապես արված վճարումները: «Մենք հիմնականում այնպիսի հյուրանոցների հետ ենք աշխատում, որոնք ամրագրումը չեղարկելու դեպքում պատրաստ են վերադարձենլ գումարը, կամ էլ՝ որոշակի տուգանք պահել, բայց վերադարձնել գումարը»,- նշեց նա:

Տուրիստական կազմակերպության աշխատակցուհին ասաց նաև, որ անգամ այս օրերին հուլիս ամսվա համար ամրագրում են ունեցել, օրինակ, Քոբուլեթիում հանգստանալու համար: Ինչ վերաբերում է կառավարության տրամադրած սոցիալական օժանդակությանը, ապա իրենց կազմակերպության աշխատակիցներն օգտվել են դրանից ու միանվագ 68 հազար դրամ ստացել:

Ճիշտ հակառակ պատկերն է «Slice Tours» տուրիստական ընկերությունում: Նանե Մաթևոսյանը, որը ամուսնու հետ տնօրինում է բիզնեսը, 24News-ին փոխանցեց՝ կառավարության ներկայացրած սոցիալական աջակցության ծրագրերից որևէ մեկից իրենց աշխատակիցները չեն օգտվել:

Պատճառաբանությունը, սակայն, հասկացել են, այն է՝ կազմակերպությունը պետք է ներկայացներ 4-րդ եռամասյակի ծախսերի հաշվետությունը, ինչը պետք է կազմեր տարեկան շրջանառության 10-ը տոկոսը: Բայց քանի որ զբոսաշրջության ակտիվ շրջանն ամռանն է, կազմակերպության ցուցանիշները չեմ համընկել կառավարության ներկայացրած պահանջներին: Կարճ ասած՝ աջակցության որևէ ծրագրից կազմակերպությունը չի օգտվել, տնօրինությունը, սակայն, մտածում է պետության առաջարկած վարկերից օգտվելու մասին: 

Մաթևոսյանն ասաց, որ իրենք նույնպես չեղարկել են մինչև հունիս ամիս եղած բոլոր ուղղությունների ամրագրումները: «Խնդիրը ոչ միայն չեղարկումներն էին, որոնք հանգեցրեցին շրջանառության կորստի, այլ նաև դրանից բխող այլ ծախսերը, օրինակ, միջազգային տարբեր հեռախոսազանգերը, որոնց միջոցով կազմակերպում էինք մեր քաղաքացիների վերադարձը:  Խնդիր էր նաև այն, որ մի շարք ավիաընկերություններ չէին վերադարձնում տոմսերի գումարները: Օրինակ, մարտին դեպի Ավստրիա թռիչք կար, բայց այդ օրերին Ավստրիան արդեն փակել էր սահմանը։ Հայաստանից թռիչք իրականացնող ընկերությունը, սակայն չեղարկեց թռիչքը, տոմսերի վերադարձ չարեց, ու այն մարդիկ, որոնք տոմսեր էին ձեռք բերել, մնացին շիվարած: Դիմեցինք Քաղաքացիական ավիացիայի վարչություն, բայց պատասխանն այն եղավ, որ դա կազմակերպության քաղաքականությունն է, ու իրենք միջամտել չեն կարող»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Անհատ զբոսավար Լուսինե Իգիթյանը, որը ներգնա տուրիզմով է զբաղվում, 24News-ին ասաց, որ բազմաթիվ տուր-փաթեթներ է չեղարկել: Նրա հավաստիացմամբ՝ այս օրերին տուժում են ոչ միայն հյուրանոցներն ու ռեստորանները, այլ նաև հյուրատներն ու ծառայություն մատուցող ավելի փոքր կազմակերպությունները:

«Ես հիմնականում ռուս զբոսաշրջիկների հետ եմ աշխատում, նրանք սիրում եմ ոչ թե հյուրանոցներում, այլ հյուրատներում մնալ, ծանոթանալ մեր խոհանոցին, ինչու ոչ՝ լավ ուտեստներ համտեսել: Հետևաբար տուժում են նաև տեղական փոքր տնտեսվարողները, այսինքն՝ այն մարդիկ, որ գինու բակ ունեն, կամ իրենց բակում գաթա են թխում ու վաճառում, տաղավար են տրամադրում և այլն: Մարդիկ կան, որ գյուղատնտեսությունը թողել ու հյուրատնային բիզնեսով են զբաղվում միայն, բայց այս տարի կորցնում են եկամտի միակ աղբյուրը: Այս տարվա բոլոր տուրերը չեղարկել եմ, անգամ ամռան ամիսներինը, որովհետև վստահ չեմ, որ ամռանը խնդիրը կկարգավորվի: Ավելին՝ ներքին համոզվածություն ունեմ, որ զբոսաշրջային ոլորտը 2 տարուց միայն կարող է ուշքի գալ»,- ընդգծեց Իգիթյանը:

Թե այս ոլորտն ինչպես ու երբ «ուշքի կգա», իսկապես, դժվար է ասել, ակնհայտ է սակայն, որ տուրիստական ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է կենտրոնանան ներքին տուրիզմի վրա ու պատրաստ լինեն վերանայելու գնային քաղաքականությունը, քանի որ դրսից եկողների ու ներքին սպառողների ֆինանսական միջոցները խիստ տարբեր են: 
 

Վրույր Սևակ