Հայաստան կգա թեստերի հումքի երկրորդ խմբաքանակը. արտադրության մեկնարկը մոտ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News      

կորոնավիրուս

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի սեփական արտադրությունը սկսելու համար սպասում է հումքի երկրորդ խմբաքանակին: Նախատեսվում է, որ այն Հայաստանում կլինի մայիսի կեսին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը պատրաստ է արտադրությունը սկսել հենց հաջորդ օրը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:
«Ռեակտիվների մի մասն արդեն Հայաստանում է, մի մասն էլ ակնկալվում է, որ Հայաստան կհասնի մայիսին: Երբ այն Հայաստան հասնի, հենց հաջորդ օրվանից կսկսենք փորձարկումներն ու արդեն արտադրությունը»,-ասաց Առաքելյանը:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ինստիտուտը կարտադրի 100 հազար թեստ: Նա վստահեցրեց՝ եթե կարիք լինի, ավելի շատ արտադրելու ներուժ ևս ունեն: Առաքելյանը դժվարացավ հստակ ասել, թե որքան ժամանակում աշխատանքը կավարտեն, սակայն նկատեց՝ շատ երկար չպետք է տևի, այնուամենայնիվ հստակ կլինի, երբ արտադրությունը սկսեն: «Արտադրությունը շատ բարդ չէ, ներգրավված մարդկանց թիվը կարող է լինել տարբեր՝ 5,10,20՝ կախված, թե արտադրվող թեստերի քանակն օրական ինչ ծավալի պետք է հասցնել»,-ասաց տնօրենը:
Թե մեկ թեստի արտադրման համար որքան գումար կծախսվի, պարզ կլինի արտադրությունը սկսելուց հետո: Անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք արտահանման պոտենցիալ՝ Առաքելյանը նշեց՝ պոտենցիալ կա, սակայն դեռ չի կարող ասել՝ կլինի՞, թե՞ ոչ:
Կառավարության կողմից հատկացված գումարը հիմնականում տրամադրվել է հումքին: Ձեռքբերումների հարցով զբաղվում է հենց կառավարությունը: Գործադիրից տեղեկացանք, որ հումքը Հայաստան է գալու Չինաստանից, այն կհասնի մայիսի կեսերին, կոնկրետ օրը դեռևս հստակ չէ:
ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում էր կատարել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն: Ապրիլի 16-ին հայտնի էր դարձել, որ Չինաստանից Հայաստան են ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են ինստիտուտին: Մինչև այժմ Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերը ներկրել է:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։