Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արմավիրում. 24-ամյա բնակիչը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Մայիսի 1-ին` կեսգիշերն անց, ոստիկանության Արմավիրի բաժնում նույն հիվանդանոցից մեկ ժամվա ընթացքում երկու ահազանգ ստացվեց: Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած և սալջարդ վերքերով երկու տղամարդ էին տեղափոխվել:
Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Զրուցեցին բժշկի և տուժողների հետ: Նրանցից մեկը վստահեցնում էր, թե վերքերը ստացել է բակում ընկնելու հետևանքով: Սակայն վնասվածքների բնույթն այլ բան էր հուշում, և տղամարդու հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքում տղամարդկանց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքները պատճառել է Արմավիրի Բաղրամյան փողոցի 24-ամյա մի բնակիչ և տուժողներից մեկի «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով դեպքի վայրից դիմել փախուստի:
Ժամը 6-ի սահմանում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին:
Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև դանակը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: