Ա․ Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելը քաղաքական որոշում է. Մանե Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News     

Արգիշտի Քյարամյան

Արգիշտի Քյարամյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում, մեկնաբանելով Քյարամյանի նշանակման լուրը, ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

«Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում», - մասնավորապես նշել է Գևորգյանը։

Նա ընդգծել է, որ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը: «Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»,- նշել է Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից Քյարամյանը կատարում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները, երեկ ազատվել ու նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ արդեն այսօր նա ազատվել է այդ պաշտոնից ու նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: