Դատավորը պետք է քննի և բավարարի Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը. Ֆիցջերալդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

.

Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու Փաստաբան (QC), ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը հանդես է եկել հայտարարությամբ.

«Վստահ եմ՝ վաղ թե ուշ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի շարունակական կոպիտ խախտումները Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ ներառվելու են ՄԻԵԴ-ի պրակտիկայում որպես ուղենիշային գործեր և նկարագրվելու են ակադեմիական գրքերում։ Այդ խախտումները մանրամասն ներկայացվել են թե՛ ՄԻԵԴ-ի գանգատներում և թե՛ միջազգային կառուցներում, ինչպես նաև բազմիցս քննարկվել են տարբեր հարթակներում։ Կարող եմ ասել, որ խախտումներն իրենց ծավալներով և բովանդակությամբ աննախադեպ են՝ սկսած 300.1 հոդվածի իրավական որոշակիությունից և հետադարձության ուժից, մինչև արդար դատաքննության իրավունքի խախտումներ։

Նույնիսկ այս տարվա ապրիլին հրապարակված իր տարեկան զեկույցում, ԵԽ-ի հանձնակատարը նշել է, որ «Մարտի-1»-ի գործի վարույթը պետք է իրականացվի իրավունքի գերակայության սկզբունքի, դատական իշխանության անկախության, թափանցիկության, արդար դատաքննության իրավունքի խիստ պահպանմամբ: Ավելին՝ նա կոչ էր արել, որ հանրային ելույթների ժամանակ քաղաքական գործիչները և կարծիք հայտնող անձինք խուսափեն թիրախավորող, պիտակավորող և զրպարտող խոսքից: Հայաստանի քաղաքական գործիչները պետք է ականջալուր լինեն այս կոչերին։

Բայց այսօր բոլորս պետք է գիտակցենք՝ ինչ ազդեցություն ունի և կարող է ունենալ համաճարակային բռնկումը: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում դատարանին անհապաղ կիրառել ազատազրկման այլընտրանքային միջոցներ։ Դատավոր Դանիբեկյանի որոշումը պետք է նաև համահունչ լինի, ի թիվս այլնի, Եվրոպական կոմիտեի՝ 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքներին (կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում)։

Տեղեկատվություն ունեմ, որ Հայաստանի դատախազությունը անհիմն մերժել է միջոցներ ձեռնարկել փոփոխելու Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը, որն, ըստ էության, կոպիտ խտրականության դրսևորում է՝ հաշվի առնելով, որ վերջերս, համաճարակով պայմանավորված, ազատությունից զրկված մի շարք անձանց խափանման միջոցը փոփոխվել է: Այսպիսով, տվյալ պարագայում կարող ենք արձանագրել, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մի շարք իրավունքներ, ներառյալ՝ Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը և թիվ 12-րդ արձանագրության կարգավորումները։ 

Իմիջիայլոց, ՄԻԵԴ-ը խտրականության արգելքի սկզբունքը զարգացրել է իր ուղենիշային գործերից մեկում, որի կողմ հենց Հայաստանն էր։ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի լույսի ներքո ՄԻԵԴ-ը գտել է, որ «քաղաքական բազմակարծությունը, որը ենթադրում է քաղաքական բազմազան համոզմունքների և գործողությունների խաղաղ գոյակցություն, առանձնակի կարևորություն է ներկայացնում իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակության գոյատևման համար, մինչդեռ քաղաքական տարակարծությունը ճնշելու, վերացնելու կամ դրանից խուսափելու կամ քաղաքական տարակարծություն ունեցող կամ այն բարձրաձայնող անձանց պատժելու նպատակով Պետության ներկայացուցիչների կողմից իրականացվող բռնության գործողությունները վտանգում են ժողովրդավարական հասարակության սկզբունքներն ու արժեքները»։ Դատարանը նաև նշել է, որ «պետական մարմինները լրացուցիչ պարտավորություն պետք է ստանձնեն. այն է՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ցանկացած դրդապատճառ բացահայտելու և պարզելու, թե արդյոք տարբերվող քաղաքական համոզմունքների նկատմամբ անհանդուրժողականությունը իր դերն է ունեցել այդ դեպքերում»:

Այսպիսով, մայիսի 8-ին կայանալիք նիստում դատավորը անհապաղ պետք է քննի և բավարարի խափանման միջոցի փոփոխության հարցը` երաշխավորելով Հայաստանի երկրորդ նախագահի` կոնվենցիոն իրավունքների լիաժեք և արդյունավետ իրացումը, առավել ևս արտակարգ դրության պայմանաններում»։