Կենցաղային հարցերի շուրջ վեճի ժամանակ մասնակիցներից մեկը կրակել էր մյուսի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Մայիսի 4-ի գիշերը «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգեցին, որ հրազենային վնասվածքով տեղափոխվել է Գորիսի 45-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համալիր հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզեցին, որ տղամարդը հրազենային վիրավորումը ստացել է Սյունիքի Տեղ համայնքի հացատներից մեկում։

Քննությանը հայտնի տվյալներով՝ երկու տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, ինչի ընթացքում էլ մեկը կրակել էր մյուսի ուղղությամբ։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածվողի գտնվելու վայրը։ Գորիսի բնակիչ, 44-ամյա տղամարդը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Գորիսի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։

Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք հրազենը. «Մակարով» ատրճանակը կասկածվողի ընկերոջ մեքենայում էր։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։