Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում Ազգերի գավաթի օնլայն մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում ՖԻԴԵ-ի կազմակերպած Ազգերի գավաթի օնլայն մրցաշարում (արագ շախմատ)։

5-րդ տուրում Եվրոպայի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության է հասել մնացյալ աշխարհի հավաքականի հետ։ Արոնյանը սպիտակներով մրցել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ՝ 16-ամյա մրցակցին պարտության մատնելով 88-րդ քայլում։ Նա Եվրոպայի հավաքականի համար նվաճել է հաղթական միավորը։

5-րդ տուրի մյուս դիմակայություններում Ռուսաստանի հավաքականը ոչ ոքի հաշվով խաղացել է Հնդկաստանի թիմի հետ։ Չինացիները 2,5։1,5 հաշվով պարտության են մատնել ԱՄՆ-ի հավաքականին։

9 թիմային միավորով առաջատար է Չինաստանը: Երկրորդ տեղում Եվրոպայի հավաքականն է՝ 7 միավոր։ 5-ական միավոր հավասար հորիզոնականներում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Նշենք, որ մինչև մայիսի 9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։

Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։