Կանադան Արցախի հարցում հավասարակշռված դիրքորոշում ունի․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

․

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպինը նամակ է հղել Կանադայի Հայ դատի հանձնախմբին (ANCC)՝ ներկայացնելով Կանադայի դիրքորոշումը Արցախի հարցում։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Կանադայի դիրքորոշումը շարունակում է հենված լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ ամուր և կայուն աջակցության վրա, որի գործունեությունը միտված է հակամարտության բանակցային ճանապարհով լուծմանը։ Մեր դիրքորոշումը որևէ կերպ չի կանխորոշում գործընթացի վերջնարդյունքը։ Կանադան համաձայն է Մինսկի խմբի հետ այն հարցում, որ հակամարտությունը չի կարող ունենալ որևէ ռազմական լուծում և, որ ցանկացած բանաձև պետք է համապատասխանի Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքներին», – Նշել է Կանադայի արտգործնախարարը։

Անդրադառնալով մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ Twitter սոցիալական կայքում Թուրքիայում Կանադայի դեսպանատան տարածած գրառմանը՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպինը նշել է. «Ցավում եմ այն մտահոգությունների համար, որ այս թվիթը կարող է առաջացրած լինել Կանադայի Հայ դատի հանձնախմբի և կանադահայ համայնքի շրջանակում։ Կցանկանայի հավաստիացնել, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր մշտական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել»։

Հիշեցնենք, որ Անկարայում Կանադայի դեսպանատունը, որը նաև հավատարմագրված է Ադրբեջանում, իր գրառման մեջ նշել էր․ «Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում 2020 թ. մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված այսպես կոչված  «ընտրությունները»։ Նման ընտրությունները խաթարում են ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»։