Հոր և երեխաների ողբերգական դեպքից մասնակիցների լուսանկարների տարածումը մտահոգիչ է. ԱՏՊԳ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցած հոր ու երկու երեխաների ողբերգական մահվան դեպքից հետո համացանցում տարածվում են դեպքի մանրամասների վերաբերյալ մարդու անձնական կյանք ներխուժող տեղեկություններ, հրապարակումներ, որոնց կապակցությամբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը որոշակի մտահոգություններ ունի:

Այս կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ, գործակալությունը մասնավորապես, նշում է, որ համացանցում ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ լրատվամիջոցների կողմից, տարածվում են ընտանիքի, մասնավորապես` մահացած երեխաների լուսանկարներ և նրանց ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ, հարևանների հետ հարցազրույցներ ու կարծիքներ:

Գործակալությունն ակնկալում է, որ այս և նմանատիպ այլ դեպքերի անդրադառնալիս լրատվամիջոցներն անձնական տվյալների պաշտպանության համաչափության սկզբունքին համահունչ նախ կգնահատեն՝ որքանով է անձանց անձնական կյանքի վերաբերյալ պատմություններ և տվյալներ հրապարակելը, անձնական կյանքին միջամտությունն արդարացված անձանց վերաբերյալ տեղեկության հրապարակման հանրային շահով: Եվ եթե պարզվի, որ անձնական տվյալների հրապարակումն ուղղված է ոչ թե հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի, այլ հանրային հետաքրքրասիրության բավարարմանը, ապա ձեռնպահ կմնան անձնական կյանքին միջամտող անձնական տվյալների հրապարակումից, անձնական կյանք անհարկի ներխուժումից: Իսկ հանրային շահով պայմանավորված անձնական տվյալները կհրապարակեն այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ, պիտանի և չափավոր է հետապնդվող նպատակին հասնելու համար:

Հաշվի առնելով համացանցի առանձնահատկությունները, այն, որ համացանցում ամեն մարդ (սոցիալական ցանցի օգտատեր) նաև լրատվամիջոց է, իսկ համացանցում հայտնված տեղեկությունն այնտեղ է մնում ըստ էության հավերժ՝ առանց ժամանակային և տարածության սահմանափակման՝ գործակալությունն անհատ օգտատերերից նույնպես ակնկալում է տվյալ դեպքում հոր ու երկու երեխաների և նրանց հարազատների անձնական տվյալների հրապարակման նկատմամբ ցուցաբերել զգուշավորություն, այս և նմանատիպ այլ դեպքերում ձեռնպահ մնալ անձնական կյանք ներխուժող տեղեկությունների, ներառյալ՝ լուսանկարների տարածումից: